Այն ջանքերից հետո, որ գործադրեցին խաղացողները հոբելյանական 10 - րդ Իսպանիայի սուպերգավաթը բարձրացնելու համար, Խոսեպ Գվարդիոլան իր խաղացողներին նկարագրում է որպես "հավերժ, առասպելական, անկրկնելի ու ազնիվ":
Ինչպես առաջին խաղից հետո, այս անգամ էլ Գվարդիոլան մեծ նշանակություն տվեց այն "անմարդկային ջանքերին", որ խաղացողները գործադրեցին Ռեալ Մադրիդին հաղթելու համար. "Ես տեսա ֆուտբոլիստներիս գործադրած անմարդկային ջանքերը: Նրանք ցույց տվեցին, թե ինչպիսին են` հավերժ, առասպելական, անկրկնելի և ազնիվ: Նրանց դուր է գալիս ֆուտբոլ խաղալ.... Իսկապես, տեսնելով նրանց խաղը, առավելություն ու պատիվ է լինել այս թիմի մարզիչը":
Մեծ անակնկալ
Գվարդիոլան շնորհավորեց իր սաներին. "Ես ցանկանում եմ շնորհավորել նրանց այն կամքի համար, որ ցուցադրեցին, ինչպես նաև բնավորություն ցուցաբերելու համար: Շնորհավորում եմ նրանց նաև այն խաղաոճի համար, որով նրանք հաղթեցին, քանզի հեշտ չէ այդպես հաղթել Ռեալ Մադրիդի պես մրցակցին": Միաժամանակ Պեպն ընդգծեց 2 - 2 - ի կարևորությունը, ասելով, որ "մեզ դեռ չի բավականացնում արագությունն ու անզիջողականությունը": Գվարդիոլան խոստովանեց, որ "անկեղծ ասած ես հույս չունեի, որ մենք ի զորու ենք հաղթել այս գավաթը: Սա մեծ անակնկալ էր: Շատ հաճելի է կրկին անգամ նվաճել այս գավաթը":
Հանդիպման վերջնամասում տեղի ունեցած տհաճ միջադեպը Գվարդիոլան մեկնաբանեց հետևյալ կերպ. "Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ ի վերջո կարող ենք վնասել ինքներս մեզ": Նա ավելացրեց. "Դրվագները խոսում են ամեն ինչի մասին: Նրանք մտածում են, որ միշտ մենք ենք դա հրահրում, իսկ մենք հակառակն ենք մտածում: Ես ունեմ խաղացողներ, որոնք օրինակելի են ինչպես խաղադաշտում, այդպես էլ մամլո ասուլիսների սրահում: Մենք շարունակելու ենք խաղալ ֆուտբոլ և կլինենք ամենալուռ կողմը: Մենք թիմ ենք և միակ բանը, որ ցանկանում ենք, դա այն է, որ ֆուտբոլ խաղանք հնարավորինս լավ ձևով":
Գվարդիոլան արդեն 11 պաշտոնական տիտղոս է նվաճել իր թիմի հետ: Առավել երկար ժամանակահատվածում Բարսայի հետ դա հաջողվել է անել միայն Յոհան Կրույֆին: Սակայն Պեպը նույնիսկ նման ձեռքբերումից հետո չի ցանկանում ամպագոռգոռ հայտարարություններ անել. "Այդ վիճակագրությունը կարևոր չէ, քանի որ դրան միայն ես չեմ հասել, դրան հասել ենք մենք բոլորս: Բացի այդ, ակումբն այժմ նվաճվող շատ տիտղոսների համար պարտական է հենց Յոհանին": "Միակ բանը, որ պետք է մենք անենք, դա այս մրցունակությունը պահպանելն է", - եզրափակել է Գվարդիոլան:
