Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, Չավի Էրնանդեսն այսօր կանցկացնի իր
112 - րդ խաղը Չեմպիոնների լիգայում, եթե Խոսեպ Գվարդիոլան նրան խաղադաշտ դուրս բերի: Այդ ցուցանիշով նա կհավասարվի Արսենալի լեգենդ և Բարսելոնայի նախկին հարձակվող ֆրանսիացի Թիերի Անրիին:
Բարսայի փոխավագն այսօր կարող է բարձրանալ 7 - րդ հորիզոնական Չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերի քանակով լավագույն ֆուտբոլիստների սանդղակում: Առաջին հորիզոնականում Ռեալ Մադրիդի լեգենդ Ռաուլ Գոնսալեզն է 142 խաղով: Այսօրվա խաղից հետո, ի տարբերություն այդ սանդղակում իրեն մոտ գտնվող խաղացողների, Չավին կկարողանա ավելացնել անցկացրած հանդիպումների քանակը: Մյուսները ավարտել են կարիերան, կամ էլ այլևս չեն խաղում այնպիսի թիմում, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում: Համենայնդեպս առայժմ այդպես է:
Եթե Գվարդիոլայի թիմը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հասնի մինչ եզրափակիչ և Չավին մասնակցի բոլոր խաղերին, ապա կատալան կիսապաշտպանը մրցաշրջանի վերջում իր ակտիվում կունենա 125 հանդիպում Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային առաջնությունում: Դա նրան թույլ կտա զգալիորեն բարձրանալ վերոնշյալ սանդղակում, քանի որ Փոլ Սքոուլզն ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան, իսկ Ռոբերտո Կարլոսը խաղում է Անժիում, որը չի մասնակցում Չեմպիոնների լիգային: Բարսայի հետ Չավիի պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին, ուստի թիմի փոխավագն իր առջև բավարար ժամանակ ունի, որպեսզի այդ աղյուսակում բոլորից առաջ անցնի:
