8 տարի անց Ֆաբրեգասը կրկին հագավ Բարսելոնայի մարզաշապիկը: Դա տեղի ունեցավ այսօր` օգոստոսի 15 - ին: Նա դա արեց Նոու Կամպում, որտեղ շուրջ 20 000 երկրպագուներ եկել էին ողջունելու Սեսկին:
Շատերը ցանկացան տեսնել Սեսկ Ֆաբրեգասին Բարսայի համազգեստով: Մոտ 20 հազար ֆուտբոլասեր ողջունեցին կատալան կիսապաշտպանին, ով ստացել է 4 համարի մարզաշապիկը: Վերջինիս հետևում գրված է լինելու Ֆաբրեգաս:
8 տարի անց
Սեսկ Ֆաբրեգասը Բարսայի հիմնի ու երկրպագուների ծափահարությունների ներքո դուրս եկավ Նոու Կամպ: Ճանապարհը, որը հանդերձարանից տանում է խոտածածկ, քաջ ծանոթ է Ֆաբիին, քանզի նա Արսենալի կազմում բազմիցս եղել է այստեղ: Սակայն այսուհետ նա անհամեմատ ավելի հաճախ կլինի Եվրոպայի մեծագույն մարզադաշտում, այն էլ տան տիրոջ կարգավիճակում:
Երջանիկ Սեսկը
Առաջին իսկ հայացքից երևում էր, ֆուտբոլիստն ուղղակի փայլում է երջանկությունից: Դա բնական է, քանզի նա վերջապես տուն վերադարձավ: Բացի հազարավոր երկրպագուներից, մարզադաշտում էին նաև Սեսկի ծնողները, ովքեր տեղակայվել էին մարզադաշտին մոտ նստատեղերին: Ֆաբրեգասը ողջունեց բոլոր երկրպագուներին, որոնց հատկապես դուր էր գալիս, երբ կատալան կիսապաշտպանը համբուրում է մարզաշապիկի վրայի Բարսելոնայի զինանշանը: Ֆուտբոլասերների ևս 1 ոգևորության ալիք նկատվեց, երբ Ֆաբին գնդակն ուղղարկեց տրիբունա:
"Ես տուն եմ վերադառնում"
Սեսկն ասաց. "Ես շատ օրեր, ամիսներ ու տարիներ եմ սպասել, մինչ այս օրը կգա: Ինձ համար սա յուրահատուկ օր է: Ես տուն եմ վերադառնում օտարությունից 8 տարի անց": Վերջում Ֆաբին ավելացրեց. "Շատերին հիասթափեցրեց իմ տեղափոխությունը, բայց ես այստեղ եմ, որպեսզի հաղթահարեմ իմ կյանքի ամենածանր փորձությունը":
